ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ քննարկելու են երկու երկրների հարաբերությունների ողջ շրջանակը, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության խնդիրները։
ՌԴ նախագահը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը շատ դրական է բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի համար։ Նա ասել է, որ 2015 թվականից ի վեր ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 14 անգամ։
«Բայց ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք նույնպես շատ հաջող են զարգանում։ Մենք, առաջին հերթին, ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի։
«Իհարկե, կան խնդիրներ ոչ միայն ապրանքաշրջանառության աճի, այլև տարածաշրջանային անվտանգության հետ կապված։ Այժմ հանրայնորեն մենք այս մասին մանրամասն չենք խոսի, բայց հնարավորություն կա ԵԱՏՄ-ի կողքին խոսել նաև մեր հարաբերությունների ողջ համալիրի, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շոշափման մասին»,- ասել է ՌԴ նախագահը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ասել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին վերաբերող և տարածաշրջանային խնդիրներ։ Նա նշել է, որ 2023 թվականի դեկտեմբերին երկու երկրների ղեկավարների վերջին հանդիպումից հետո կուտակվել են հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։
«Իհարկե, խորհրդի նիստում մենք արդեն քննարկել ենք տնտեսական բլոկը։ Եվ հիմա հուսով եմ և վստահ եմ, որ մենք կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր, տարածաշրջանային խնդիրներ»,- հավելել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը մայիսի 8-ի առավոտյան մեկնել էր Մոսկվա, որտեղ նրա նախագահությամբ ընթանում էր ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԵԱՏՄ գագաթնաժողովում, հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 45 դոլարից հասնելով 89 միլիարդ դոլարի։
ԵԱՏՄ գագաթնաժողովում Փաշինյանը նշել էր, որ գոյության 10 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը դարձել է անդամ երկրների տնտեսությունների համար սերտ տնտեսական փոխգործակցության նշանակալի հարթակ։
Մանրամասները՝ տեսանյութում։