Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, մայիսի 9-ի շնորհավորական ուղերձում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը:
«Բազմաթիվ հայեր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց ներդրումն են ունեցել նաև պատերազմի արևմտյան ճակատներում, պարտիզանական և ընդհատակյա պայքարում»,- գրել է նա՝ նշելով, որ այս հաղթանակով առաջադեմ մարդկությունը ո՛չ է ասել քաղաքակրթության տեսած ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին:
Փաշինյանը նշել է, որ Հաղթանակի գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ խորհրդային բանակի կազմում իրենց զգալի ներդրումն են ունեցել:
«Նրանցից 300 հազարը զոհվեցին, 107 հայեր արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման»,- հիշեցրել է վարչապետը:
Փաշինյանը, որպես ֆաշիզմի դեմ պայքարի օրինակ, նշել է ֆրասահայ Միսաք Մանուշյանին, որի աճյունն այս տարվա փետրվարի 21-ին վերահուղարկավորվել էր Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում:
«Ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ֆրանսիայում Մանուշյանը և նրա ղեկավարած խումբը պայքարում էին այդ երկրի ազատագրման համար` չունենալով նույնիսկ Ֆրանսիայի քաղաքացիություն: Նա, ինչպես նաև դաշնակիցների բանակներում ծառայող հայերը, կռվում էին մարդկության ազատության համար, և այդ ներդրումը ճանաչված ու գնահատված է»,- գրել է նա:
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: