ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկել է չսահմանափակվել միայն Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով և սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հաղորդել են ղազախական լրատվամիջոցները։
«Բանակցային գործընթացին ներգրավված ենք շատ կառուցողական։ Ավելին, կարծում ենք, որ չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Կարող ենք ավելի հեռուն գնալ, ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները՝ հասկանալով, որ բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են և կգործեն այդ երկրների իրավասություններին համապատասխան»,- ասել է Միրզոյանն Ալմաթիում՝ Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մուրատ Նուրտլեուի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
Նշենք, որ Ալմաթիում տեղի էին ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Երկկողմ հանդիպմանն ընդառաջ՝ նրանց ողջունել էր Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն։