Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում քննարկել է Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ին ուղղված բողոքները նվազեցնելու մեխանիզմները, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Քննարկումը նվիրված էր վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությանը:
Փաշինյանի այն հարցին՝ արդյոք կա՞ մեխանիզմ, որով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների և վճիռների արդյունքում ՀՀ-ում հետագայում բացառվում են նմանօրինակ խնդիրները, գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ դա միջգերատեսչական հանձնաժողովի ֆորմատն է, որը լավագույն մեխանիզմն է այդ առումով:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելել է, որ իրավասու մարմինները, այդ թվում՝ դատական համակարգը պալատներով, հատ առ հատ քննարկում են պատճառների վերացման սցենարները։
Կիրակոսյանը զեկուցել է, որ գրասենյակն իրավական դիրքորոշումներ է տրամադրել 73 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, ներկայացրել համապատասխան առաջարկություններ, մշակել 4 իրավական ակտերի նախագծեր:
Գրասենյակի ղեկավարը զեկուցել է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը կոմունիկացված գանգատների և կատարված աշխատանքների մասին։ Նա նշել է, որ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից վերահսկվող ՄԻԵԴ վճիռներով արձանագրված խախտումների շրջանակում կան խստացված ընթացակարգով վերահսկվող գործեր և ստանդարտ ընթացակարգով վերահսկվող գործեր:
Ըստ տարածված հաղորդագրության՝ Փաշինյանը հետաքրքրվել է ՄԻԵԴ-ի կայացրած որոշումներից և վճիռներից հետո ՀՀ-ում համապատասխան աշխատանքների մասին։
Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը հեղինակավոր ռեսուրս է՝ ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման համար: «ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նաև նշել է՝ կանխավարկածն այն չէ, որ մինչև ՄԻԵԴ-ի վճիռ չկա, այդ հարցերով ոչ մեկը չի զբաղվում, բայց մյուս կողմից՝ դա հայացք է այլ տեղից, որը պրակտիկ աշխատանքների մեջ օգտակար կարող է լինել։
Փետրվարի 5-ին Բարձրագույն դատական խորհուրդը Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին 2008-ի Մարտի 1-ի վերաբերյալ ՄԻԵԴ վճռով նկատողություն էր հայտարարել։ ԲԴԽ-ն բավարարել էր դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը։