«Հայաքվե» նախաձեռնության ակտիվիստները հաղորդագրություն են փոխանցել Գլխավոր դատախազությանը, ըստ որի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը գերազանցել է իր լիազորությունները։ Այս մասին լրագրողներին ասաց նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա ընդգծեց, որ խոսքը հանցագործության մասին է. «Այս գործընթացը, որն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հայտարարությունների հիման վրա, անօրինական է»,- նշեց Չալաբյանը։
Նա պարզաբանեց, որ Հայաստանի սահմանները, ըստ օրենքի, կարող են որոշվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա։
«Եթե միջազգային պայմանագիր կնքվի, պետք է այնուհետև Սահմանադրական դատարանի կողմից հաստատվի և վավերացվի Ազգային ժողովի կողմից։ Դա միջազգային ստանդարտ պրոցեդուրան է»,- պարզաբանեց ակտիվիստը։
Բացի այդ, երկրի տարածքի փոփոխության հարցերը, ըստ Սահմանադրության, լուծվում են հանրաքվեի միջոցով, և սահմանազատումը պետք է իրականացվի միաժամանակ ողջ սահմանի պարագծով, այլ ոչ թե առանձին հատվածներում։
«Քանի որ ՀՀ իշխանությունները ընթացակարգերից ոչ մեկը չեն իրականացրել, կառավարական հանձնաժողովի աշխատանքը կոպտորեն խախտում է օրենքը, իսկ հանձնաժողովն ինքը գերազանցում է իր լիազորությունները»,- ասել է Չալաբյանը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։