ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում խոսել է ՀՀ-ում ռուս սահմանապահների խնդրի մասին և մեկնաբանել նրանց դուրսբերումը ՀՀ-ի որոշ մարզերից։
Նրա խոսքով՝ հայկական կողմը ՌԴ-ին առաջարկել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները ծառայություն իրականացնեն։
«Միևնույն ժամանակ՝ քննարկումներ ենք ունեցել ՌԴ-ի հետ, որպեսզի նրանք դուրս գան Հայաստան-Ադրբեջան 17 սահմանային կետերից, ինչպես նաև հանեն Սիսիանում և Գորիսում ունեցած բազաները»,- նշել է Գրիգորյանը։
Ըստ ԱԽ քարտուղարի՝ ռուսներն ընդունել են դա և հարցրել՝ արդյոք Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանի՞ց էլ պետք է դուրս գալ։
Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը պատասխանել է, որ տվյալ հատվածներում ռուս սահմանապահները տեղակայված են պայմանագրի հիման վրա։
«Մենք ասել ենք՝ այս երեք ուղղությունը բանավոր պայմանավորվածությունների արդյունք է, ինչ վերաբերում է Հայաստան-Իրան, Հայաստան- Թուրքիա սահմանին, դրանք պայմանագրային են, մենք այս պահին դրանք Ձեզ հետ չենք քննարկում»,- ասել է նա։
Մայիսի 15-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել էր ՀՀ-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու Մոսկվայի առաջարկի մասին հայտարարությունները։ «Իրականությանը չեն համապատասխանում այն ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն է առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից։ Դա ճիշտ չէ»,- ասել էր Զախարովան։
Մայիսի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռիա նովոստի»-ին հաստատել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ։ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը մայիսի 14-ին հայտնել էր, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Թուրքիայի և Իրանի հետ սահմանին։