Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Վրաստանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի նպատակներին։ Նա նաև գնահատել է օրենքի հակառակորդների բողոքի ակցիաների հեռանկարները Վրաստանի կայունության վրա դրանց ազդեցության առումով և թե օրենքն ինչպես կանդրադառնա Ռուսաստանի և Արևմուտքի հետ Թբիլիսիի հարաբերությունների վրա։
– Պարոն Մելիքյան, Վրաստանի իշխանությունների կողմից առաջին անգամ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը նախաձեռնվել է 2023-ին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ իշխանությունները դարձյալ վերադարձան այս օրենքի ընդունմանը և ի՞նչ նպատակներ են հետապնդում։
– Նախ, օրենքն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» է կոչվում, իսկ «գործակալներն» ընդդիմության նարատիվն են: Այս նախաձեռնությունը, ըստ իշխանությունների, պետք է ավելի թափանցիկ դարձնի արտաքին ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները և լրատվականները: Իշխանությունները համարեցին, որ հիմա ժամանակն է և կարելի է այս օրենքն անցկացնել և ընտրություններից առաջ ավելի քիչ ռեյտինգային կորուստ ունենալ կամ թույլ չտալ, որ ավելի լայն բողոքի ցույցեր ընթանան, քանի որ, եթե ընտրություններից հետո տեղի ունենար, հետընտրական պրոցեսներին կավելանային և գուցե ավելի շատ բողոքողներ լինեին: Ամեն դեպքում՝ երկրի ներսում կա դժգոհություն և արդեն դրսից ճնշումներ: Իսկ թե ապագայում ի՞նչ պրոցեսներ կլինեն, երկխոսության կգնան, թե չեն գնա, առաջիկա մի քանի շաբաթը ցույց կտա:
– Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն են օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիաների հեռանկարները, որքանո՞վ են դրանք վտանգ ներկայացնում Վրաստանի իշխանությունների և երկրի ընդհանուր կայունության համար։
– Կայունությունը կարևոր է թե՛ իրենց երկրի, թե՛ տարածաշրջանի համար: Կարևոր է, որ իրավիճակը հսկողությունից դուրս չգա և բոլոր գործընթացներն ընթանան Սահմանադրության շրջանակներում, բայց պարբերաբար տեսնում ենք, որ որոշ դեպքերում մասնակցիները փորձում են ավելի ծայրահեղացնել իրավիճակները, ինչին ոստիկաններն են պատասխանում: Եթե կտրուկ փոփոխություններ չլինեն, գուցե որոշակի փուլում սկսի մարել այս բողոքի ցույցերի թե՛ մասնակցությունը, թե՛ հաճախականությունը, և ամռանից քաղաքական դաշտը պատրաստվի խորհրդարանական ընտրություններին, որոնք հոկտեմբերին են կայանալու: Այստեղ կարևոր էլեմենտ կա․ որևէ ձևով խորհրդարանական մեծամասնությունը հրաժարական տալ չի կարող, արտահերթ ընտրություններ չեն կարող լինել, իսկ տարին ընտրական է և կես տարի շուտ որևէ ձև արտահերթ ընտրություններ, ըստ Սահմանադրության, չեն նշանակվում, ուստի այս պարագայում, վատագույն սցենարով, կա՛մ հեղաշարջում պետք է լինի, որ այդպիսի պրոցեսներ ընթանան, կա՛մ բողոքի ցույցերը կշարունակվեն մինչև իքս պահի, որից հետո կողմերը կհասկանան, որ պետք է պատրաստվել նախընտրական պայքարին և գալիք ընտրություններին:
– Այդ դեպում՝ ի՞նչ հեռանկարներ են ակնկալում ակցիայի մասնակիցները:
– Իրենք ակնկալում են, որ իշխանություններին կարող են ճնշել և այս օրենքը չլինի, բայց արդեն երրորդ ընթերցմամբ ընդունվել է: Իմ կարծիքով՝ Արևմուտքի միջնորդությամբ այդ կոնսեսուսը, հնարավոր է, որոշ կետերում վերանայվի, այս պարագայում ինչ-որ բան կստանան, բայց, իմ կարծիքով, այսօրվա պրոցեսների տրամաբանությամբ օրենքի չեղարկում տեղի չի ունենա:
– Ինչպե՞ս կանդրադառնա օրենքի ընդունումը Ռուսաստանի և Արևմուտքի հետ Թբիլիսիի հարաբերությունների վրա։ Որքանո՞վ է լուրջ և երկարաժամկետ Վրաստանի և Արևմուտքի հարաբերությունների ներկայիս վատթարացումը։
– Մեկը մյուսի հետ չէի կապի։ Այո՛, ինչ-որ չափով Վրաստան-Արևմուտք հարաբերություններում ճգնաժամ կա, բայց չէի ասի, որ այս օրենքի ընդունումը կարող է ռուս-վրացական հարաբերություններին ինչ-որ օգուտ տալ, քանի որ Ռուսաստանից եկող ֆինանսների վրա նույնպես անդրադառնում է, միայն Արևմուտքինը չէ: Այս օրենքը գուցե որպես խոչընդոտ Վրաստան-Արևմուտք հարաբերություններին Ռուսաստանի համար ձեռնտու է, բայց ռուս-վրացական օրակարգի հետ որևէ առնչություն չունի, քանի որ Ռուսաստանը չի ստիպել Վրաստանի իշխանություններին այդ քայլին գնալու: Այս ամենն ունի իր ներքաղաքական պատճառները, ազդելու է ներքաղաքական պրոցեսների վրա և ինչ-որ չափով նաև արտաքին՝ նկատի ունենալով Վրաստան-Արևմուտք հարաբերությունները:
Իմ կարծիքով՝ Արևմուտքը ևս պետք է ճկուն լինի և տեսնելով, որ իշխանությունները համառորեն այս օրենքն առաջ են տանում և ընդունելու են, պետք է ինչ-որ չափով կոնսենսուսային մոտեցում ցուցաբերեն և փորձեն առնվազն երաշխիքներ ստանալ, որ քաղհասարակությանը սահմանափակելու վրա այս օրենքը չի ազդի, պատժիչ մեխանիզմ չի դառնա, եթե, իհարկե, ցանկություն կա Թբիլիսիի հետ հարաբերությունները ճգնաժամից հանելու: Եթե չկա, ապա այստեղ մենք կտեսնենք, որ Վրաստան-Արևմուտք հարաբերությունները կվատանան, ինչը, չեմ կարծում, Արևմուտքի շահերից է բխում՝ առավել ևս, որ կա Ռուսաստան-Արևմուտք առճակատում: