ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձնակազմի մահվան կապակցությամբ։
«Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։
Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր եմ հղում իմ թանկագին բարեկամ և գործընկեր, նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ»,- ասված է ցավակցական նամակում։
Փաշինյանը սատարել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ մաղթելով ուժ և տոկունություն հանրապետության համար դժվարին պահին։
ԶԼՄ-ները մայիսի 19-ին հայտնել էին, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Ջուլֆա քաղաքի մոտ: Պատճառը, ըստ լուրերի, եղել է մառախուղը։ ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել այն մասին, որ նախագահին տեղափոխող ուղղաթիռում գտնվել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի Կարմիր մահիկի տվյալներով՝ կործանված ուղղաթիռը որոնում էր 46 փրկարարական խումբ։
Ավելի ուշ հայտարարվել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վթարի հետևանքով ամբողջությամբ այրվել է, բոլոր ուղևորները զոհվել են։