Փաստաբանները մայիսի 21-ին գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, ըստ որի՝ փաստաբանական գործունեությունը հարկվելու է, ինչի արդյունքում, ըստ փաստաբանական համայնքի, իրենց մատուցած ծառայությունները կթանկանան։
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը մայիսի 21-ին հրավիրված ասուլիսին հայտարարել է իրավաբանական ծառայությունների՝ ավելի քան 30%-ով թանկանալու հնարավորության մասին։
«Եթե, ըստ նախագծի, փաստաբանական ծառայությունները հայտնվեն ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և շահութահարկի դաշտում, ապա իրավաբանական և, մասնավորապես, փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի՝ 38 և ավելի քան 38%-ով կթանկանա»,- հայտարարել է Բաբայանը։
Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին իրավաբանական օգնություն ստանալու համար ստիպված է լինելու ավելին վճարել։
«Հայաստանի դատարաններում 250 հազար գործ կա, և այդ թանկացումն առնվազն 250 հազար քաղաքացու է առնչվելու։ Օրենքի ընդունման դեպքում բարդ ու գրեթե անհնար է լինելու անվճար իրավաբանական ծառայություն մատուցել, քանի որ անվճար ծառայություն մատուցող փաստաբանն ստիպված է լինելու այդ հարկն ինքը վճարել»,- ասել է նա։
Փաստաբանների պալատի նախագահը պարզաբանել է, որ գործադուլն այսօր են հայտարարել, քանի որ նախագիծն Ազգայի ժողովի՝ մայիսի 21-ի նիստերի օրակարգում է և քննարկվելու է առաջին ընթերցմամբ։ Նա հայտնել է, որ օրենքն այս տեքսով ընդունելու դեպքում այլ քայլերի են դիմելու։
«Մենք պահանջում ենք նախագծից հանել փաստաբանական գործունեությունը հարկելու դրույթը, հակառակ դեպքում՝ ավելի խիստ մեթոդների, քայլերի ենք գնալու»,- հավելել է Բաբայանը։
Փաստաբանների պալատից Armenia Today-ին պարզաբանել են, որ նախագծով 2025 թվականի հունվարի 1-ից նախատեսում են փաստաբանական ծառայություն մատուցողներից գործունեության համար այլևս շրջանառության 5% հարկ չգանձել։
«Այդ պայմաններում փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20% ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18%»,- մանրամասնել են Փաստաբանների պալատից։
Մանրամասները՝ տեսանյութում։