Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սրագսյանն Ազգային ժողովի մայիսի 21-ի նիստում ներկայացրել է ՊՆ օրենքի նախագիծը, ըստ որի՝ պարտադիր ժամկետային զինծառայության և վարժական հավաքներին մասնակցելու ենթակա քաղաքացիներին 4 եղանակով են ծանուցում ուղարկելու։
Փոխնախարարը նշել է, որ նախարարությունը ծանուցումներ է ուղարկելու էլեկտրոնային փոստով, առձեռն տարբերակով և փոստային առաքման և ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ «Azdarar.am»-ի միջոցով։
«Եթե առաջին ու երկրորդ տարբերակով պետությունը չի կարողանում ծանուցում իրականացնել, ապա «Ազդարար» համակարգում տեղադրվում է ծանուցման քաղվածք, որը տեղադրելուց 10 օր անց քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում։ Դրանից հետո, երբ քաղաքացին չի ներկայանում, առկա կլինեն նրան պատասխանատվության ենթարկելու հիմքեր»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ վերջին տարիներին վարժական հավաքների վերաբերյալ վերլուծություններն են նման նախագծի մշակման առիթ դարձել, քանի որ խնդիրներ են արձանագրել։
«Վարժանքներին ներգրավելու համար քաղաքացիներին ծանուցումներ էինք ուղարկում։ Վերլուծության արդյուքնները ցույց տվեցին, որ բավականին մեծ քանակությամբ ռեսուրսներ ենք ծախսում, բայց պետք է ծախսենք ավելին՝ մեզ անհրաժեշտ քանակի պահեստազորայինների ներգրավենք վարժական հավաքներին։ Ուսումնասիրելով խնդիրները՝ օրենսդրական բացթողումներ ենք նկատել։ Կարծում ենք՝ այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա ներգրավել համապատասխան թվով պահեստազորայինների՝ մեր առջև դրված խնդիրները լուծելու համար»,- ասել է փոխնախարարը։
Սարգսյանը տեղեկացրել է, որ քաղաքացուն ծանուցումն առաջինն իրականացվում է նրա էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով, եթե առկա է նրա՝ բացառապես այդ եղանակով ծանուցում ստանալու համաձայնությունը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին՝ նպատակը քաղաքացիներին պատասխանատվության ենթարկե՞լը, թե՞ ընդգրկումն է, փոխնախարարն արձագանքել է, որ պատասխանատվության ենթարկելու նպատակ չունեն։
«Մեր նպատակն է քաղաքացիներին ներգրավել վարժական հավաքներին»,- նշել է փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։