Հրավեր չեմ ստացել՝ ո՛չ այսօր, ո՛չ երեկ, ո՛չ երեկ չէ առաջին օրը, բայց Բագրատ Սրբազանի հետ առիթ ունեցել եմ հանդիպելու, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման հրավեր ստացե՞լ է։
Նա հավելել է, որ չնայած ՀՀԿ-ն ուղղակիորեն ներգրավված չէ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, ամեն դեպքում, աջակցում է նրանց։
«Բայց մենք որևէ մեկի հետ չենք միավորվել, մենք ամբողջովին սատարում ենք այս շարժմանը, այսքանը»,- նշել է Սարգսյանը։
Նախկին նախագահի խոսքով՝ աջակցելով շարժմանը՝ «Հանրապետական» կուսակցությունը վերադառնալու մտադրություն չունի, նպատակը գործող իշխանության փոփոխությանը նպաստելն է։
«Մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք, բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ որևէ ակնկալիք չունենք։ Մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ մենք հետապնդում ենք իշխանափոխության գաղափարը։ Քանի՞ անգամ պետք է ասենք, որ մարդիկ կարողանան դա հասկանալ»,- նշել է նա։