Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոսել է եկեղեցուն հարկելու վերաբերյալ կառավարության առաջարկների, եկեղեցուն փոխհատուցում տալու հայտարարությունների մասին։
Փաշինյանն ասել է, որ 2018թ․ եկեղեցուն հարկման առաջարկ են արել։ Այդպես է նա պատասխանել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այն առաջարկին, որ եկեղեցուց ստացված հարկերը կարելի է ուղղել արցախահայության օժանդակության ծրագրերին:
«2018 թվականից մենք այդ թեմայով աշխատում ենք։ Մեր խնդիրն է, որ մենք ստվերի տեղ մեր ընդհանուր դրամաշրջանառության մեջ չթողնենք։ Հասկանում ենք, որ ՀԱԵ-ն ունի առանձնահատկություններ։ Մենք պաշտոնապես առաջարկել ենք, որ այդ հարկային համակարգը ներդնենք և հավաքագրված ողջ գումարը վերադարձնենք եկեղեցուն»,- հայտնել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունն առաջարկել էր եկամտահարկից ստացված գումարներն ըստ անհրաժեշտության ուղղել պատմամշակութային հուշարձանների պահպանմանը, վերականգնմանը և այլ աշխատանքների։
Ըստ Փաշինյանի՝ այս առաջարկը եկեղեցին մերժել է, որը, ըստ նրա, կապված է ֆինանսական հոսքերի «թափանցիկության խնդրի» հետ։
«Այս առաջարկը պաշտոնապես է, և ինձ համար անհասականալի է, թե ինչու են մերժել։ Մենք ասել ենք, որ ընդամենը թափանցիկություն ենք ուզում, ինչքան կհավաքվի Հայ առաքելական եկեղեցու գործունեության արդյունքում՝ ամբողջը բյուջեի առանձին տողով կվերադարձնենք։ Մենք վերլուծել ենք, թե ինչը կարող է այս մերժման պատճառ դառնալ․ թափանցիկության խնդիրը, որովհետև, ըստ ամենայնի, ֆինանսական հոսքերի հետ խնդիրներ կան»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նաև նշել է, որ եկեղեցին հիմնականում վճարում է ոչ հոգևոր սպասավորության հետ կապված հարկերը և այնպես չէ, որ լրիվությամբ ազատված է հարկերից։ Վարչապետը նաև մեկնաբանել է խորհրդային տարիներին բռնազավթված գույքի դիմաց եկեղեցուն փոխհատուցում տալու մասին ՀԱԵ-ի ներկայացուցիչների հայտարարությունները։
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Թագուհի Ղազարյանը վարչապետին ուղղված իր հարցում մեջբերել է ՀԱԵ ներկայացուցչի այն հայտարարությունը, ըստ որի՝ նախկինում եկեղեցու սեփականությունն էր 5 գյուղ՝ Վաղարշապատ, Օշական, Մուղնի, Մաստարա, Եղվարդ և պետք է վերադարձնել այս գյուղերը, եկեղեցուց բռնազավթված ողջ գույքը և նախքան հարկելը փոխհատուցում վճարել ՀԱԵ-ին։
Փաշինյանի խոսքով՝ ժամանակին ինքն առաջարկել է, որ եկեղեցին և կառավարությունը համատեղ պատմամշակութային հուշարձանների պահպանման, վերականգնման աշխատանքներ իրականացնեն, բայց, չգիտես ինչու, «այդ թեման հետաքրքիր չի եղել Հայ առաքելական եկեղեցու համար»։
Վարչապետը ենթադրել է՝ դրա պատճառն այն է, որ կառավարության և ՀԱԵ-ի կողմից արված ներդրումներն այս նախագծում «պետք է լինեին թափանցիկ և հաշվետվողական, իսկ դա, գործնականում, միշտ չէ, որ հնարավոր է լինում»։ Փաշինյանը նաև ասել է, որ լուրջ չի համարում եկեղեցու ներկայացուցիչների այս հայտարարությունները մեկնաբանելը՝ նշելով, որ դրանք խոսում են «մարդկանց մտքերի ընթացքի, բայց դա չի խոսում իրողության մասին»։
Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱԵ-ի կողմից ՀՀ-ին փոխհատուցման պահանջը նման է այլ երկրներին ներկայացվող պահանջներին։
«Հիշեցի, որ Հայ առաքելական եկեղեցին այլ երկրներում էլ է նման հարցեր բարձրացնում և մտածեցի, որ ՀՀ-ի և այլ երկրների նկատմամբ վերաբերմունքն, ըստ էության, նույնանում է։ Հիշում եմ, որ ՀԱԵ-ն Թուրքիայի դեմ այդպիսի հայցապահանջներ էր ներկայացնում, և ամենևին չեմ զարմանա, եթե այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաև ՀՀ-ի նկատմամբ։ Սա ինքնին խոսուն փաստ է»,- ասել է վարչապետը։
Մայիսի 21-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ եկեղեցուն հարկելուց առաջ պետք է հատուցման և խորհրդային տարիներին ավերված եկեղեցիների վերականգնման պահանջները լուծել։ Նա մեկնաբանել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն խոսքերը, որ եկեղեցին պետք է հարկվի։ «Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք․ այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում»,- ասել էր Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։