Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է մայիսի 22-ին գործադուլ հայտարարած «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների ու աշխատակիցների հետ՝ փորձելով համոզել նրանց վերադառնալ աշխատանքի։ Նա կոչ է արել հարցերն այլ ձևով լուծել, քանի որ «երևանցիները կանգառներում սպասում են»։
Վարորդները հայտնել են, որ գործադուլ են հայտարարել կազմակերպության նոր տնօրեն Սամվել Նազարյանի «անհիմն ազատումների» դեմ և բողոքել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում իրականացվող «կադրային ջարդից»։
Նրանք պահանջում են աշխատանքի վերականգնել գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանին, ով, նրանց խոսքով, կայացրել է ոլորտը։
Նրանք նշել են, որ այս պայմաններում չեն պատրաստվում աշխատել նոր տնօրենի հետ: Գործադուլ իրականացնողներից մեկի խոսքով՝ վարորդները նույնիսկ դեմքով չեն ճանաչում իրենց ղեկավարին, նա ոչ մի անգամ չի հանդիպել իրենց հետ։
Ըստ վարորդներից մեկի՝ 15 տարի աշխատել են Մանուկյանի հետ, նա մարդկայնորեն իրենց հասկանում է, իսկ նոր տնօրենի հետ նույնիսկ ծանոթ չեն։
Մեկ այլ վարորդի խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել աշխատանքային վարձատրությունը, քանի որ փաստացի 18 ժամ են աշխատում, սակայն վարձատրվում են 14 ժամի դիմաց։
Ավինյանը հայտնել է, որ հիմա ստուգումներ են անցկացնում, քանի որ ի տարբերություն մարտ ամսվա՝ ապրիլին 4,5 մլն դրամով ավելի օրական հավաքագրում են ունեցել։ Նա խոստացել է խնդիրը պարզել և մեղավորներին պատժել։
«Մարտ ամսին մեր միջին օրական հավաքագրումը կազմել է 20 մլն 500 հազար դրամ, ապրիլ ամսին՝ 24 մլն 500 հազար դրամ։ Խոստանում եմ՝ ամեն ինչը պարզել և ով մեղավոր է՝ կպատժվի»,- ասել է նա և ավելացրել, որ քննությունը կպարզի այդ տարբերության պատճառը։
Նա նաև 295 մլն դրամի պահեստամասերի հետ կապված խնդրի մասին է խոսել։
Ակցիային ներկա էր նաև աշխատանքից ազատված ճարտարագետը, ով իր նախկին գործընկերներին կոչ է արել վերադառնալ աշխատանքի և հայտնել է, որ կխոսի քաղաքապետի հետ։
Ավինյանը խոստացել է առանձին ընդունել Մանուկյանին, լսել նրա փաստարկները և ստուգել դրանք։ «Նրա ամեն ասածն ստուգել եմ տալու, եթե ճիշտ եղավ, վերականգնվելու է, ճիշտ չեղավ՝ նշանակում է արդար որոշում է կայացվել»,- ասել է քաղաքապետը։
Վարորդները շարունակում են գործադուլը։
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն: