Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, որի նկատմամբ Քննչական կոմիտեն իշխանությունը յուրացնելու նախապատրաստման հոդվածով քրեական վարույթ էր նախաձեռնել, դատարանի դահլիճից ազատ է արձակվել, հայտնել է Ղևոնդյանի փաստաբանական խումբը։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել է, որ դատարանը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժել է նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Կոչուբաևը մայիսի 22-ին հայտնել էր Ղևոնդյանի ձերբակալության մասին։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր ձայնագրություն, որտեղ, ըստ ՔԿ-ի, Ղևոնդյանը խոսում է «կառավարության, Ազգային ժողովի, ՆԳՆ ոստիկանության շենքերը գրավելու» մտադրության մասին։ ՔԿ-ից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով-խմբ.):