«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջամյանը կասկած է հայտնել, որ ՀՀ իշխանություններն Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծ կնախաձեռնեն, քանի որ, նրա կարծիքով, «Քաղաքացիական պայմանագրի» թիմից շատերը «կարող են ընկնել նախագծի տակ»։
«Օտարերկրյա գործակալների օրինագիծը, չեմ կարծում, որ Հայաստանում ընդունվի, բա որ հետադարձ ուժ ունենա։ Բա որ հայտնաբերեցինք, թե ով դեսպանատներից էր սնվում, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ոչ դեսպանատներից»,- ասել է նա։
Նա իշխանություններին խորհուրդ է տվել լուծել այնպիսի հրատապ խնդիրներ, ինչպիսին է գտնելն այն հազարավոր դասալիքներին, ում մասին հայտարարել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Աննա Հակոբյանը (չասեք՝ ընտանիքին բերում եմ քաղաքականություն, ինքն է եկել քաղաքականություն) հայտարարում էր, որ հազարավոր դասալքության դեպքեր կան, ո՞ւր է։ Հարցումներ են ուղարկել թե՛ պատգամավորները, թե՛ ձեր գործընկեր լրատվամիջոցները, շատ փոքր թիվ էր, տասնյակներով փոքր էր Աննա Հակոբյանի հնչեցրած թվից։ Մեխն էլ է ձեր ձեռքը, մուրճն էլ։ Հլը տեսնեմ ի՞նչ գործակալական բաներ եք գտնելու»,- ասել է Մամիջանյանը։
Պատգամավորի խոսքով՝ իշխանություններն անմասն չեն գումարների դիմաց հրամաններ կատարելուց։
«Դա ծիծաղելի է, նրանք չեն հասկացել, որ ցավոք՝ իշխանություն են ներկայացնում, այլ ոչ թե վարձու, ծախու լրագրողներ են, փողով աշխատող ակտիվիստներ։ Ես չեմ էլ ուզում հատ առ հատ կառավարության անդամների, իրենց խմբակցության անդամների վերաբերյալ ասել ո՛վ քանի դրամով, քանի ռուբլով, քանի եվրոյով, քանի դոլարով էր ցույցեր անում, հայտարարություններ տարածում, որտեղից էր ստանում դիրեկտիվները, հրամանները, թե ինչ պիտի անի»,- մշել է Մամիջանյանը։