ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը, թե եկեղեցին վճարում է բոլոր հարկերը. կա միայն կանոնադրական բացառություն ծիսական պարագաների համար: Սիմոնյանը մեջբերել է Հարկային օրենսգրքի հոդվածները, որոնք թվարկում են ԱԱՀ-ի և անշարժ գույքի հարկի արտոնությունները Հայ առաքելական եկեղեցու համար։
«Ասում են՝ այն տեղեկությունը, որ եկեղեցին չի հարկվում, մեղմ ասած՝ սուտ է։ Դե, եթե դա սուտ է, ուրեմն անհանգստանալու բան չկա, չէ՞»,- գրել է նա Տելեգրամում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող գույքն ազատվում է անշարժ գույքի հարկից սեփականության, ինչպես նաև անհատույց օգտագործման դեպքում՝ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ընդգծել է Սիմոնյանը։ Հարկից ազատվում են նաև կրոնական շինությունների զբաղեցրած տարածքները, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները և ՀԱԵ-ի հոգևոր, մշակութային, կրթական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության շենքերը։
Ազգային ժողովի նախագահը նշել է նաև, որ 9-րդ կետի 2-րդ մասի համաձայն՝ օրենսգրքի 64-րդ հոդվածն ազատում է ավելացված արժեքի հարկից՝ կրոնական արարողությունների կազմակերպման և կրոնական պարագաները կրոնական կազմակերպություններին օտարելու համար։
Մայիսի 21-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ եկեղեցուն հարկելուց առաջ պետք է հատուցման և խորհրդային տարիներին ավերված եկեղեցիների վերականգնման պահանջները լուծել։ Նա մեկնաբանել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն խոսքերը, որ եկեղեցին պետք է հարկվի։ «Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք․ այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում»,- ասել էր Սիմոնյանը։