Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք. 3 անձ ձերբակալվել է։ Գերատեսչությունը ձերբակալվածների անուններ չի նշում, նշվում են միայն անվան սկզբնատառերը։
«Տավուշը հանուն հայրենիքի»շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ հարկային ստուգումներ են կատարել շարժմանն աջակցող գործարար Հայկ Շահնազարյանի գինու-կոնյակի գործարանում։
«Այսօր շատ պատվական մարդու, որ տարիներով ծառայել է մեր պետությանը, իրենց գործարանն են մտել, հարկային խուզարկումներ կատարել և ձերբակալել։ Շահնազարյանի գինու-կոնյակի գործարանը, որ բացեիբաց մեր աջակիցն է, այսինքն՝ ոչ թե մեր, այլ ճշմարտության։ Այն եզակի գործարարներից է, որ անթաքույց է գործել, որովհետև մարդը հայրենիք ունի»,- ասել էր Գալստանյանը։
Ըստ ՔԿ-ի՝ գինու և կոնյակի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Շ…» (Շահնազարյան-խմբ․) ընկերության գլխավոր տնօրեն Ս.Շ.-ն, ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձի՝ Հ.Շ.-ի և գլխավոր հաշվապահի՝ Մ.Ա.-ի հետ 88.190.429 ՀՀ դրամ հարկ չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացված հաշվարկում մտցրել է խեղաթյուրված տվյալներ և իրականացրել փողերի լվացում:
ՔԿ-ն հայտնում է, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ս.Շ.-ի, Հ.Շ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, պատժվում է մինչև 8 տարի ժամկետով ազատազրկմամբ) անրային քրեական հետապնդում հարուցելու համար, որոնք բավարարվել են:
«Նշված անձինք ձերբակալվել են»,- հայտնում է ՔԿ-ն և հավելում, որ ընկերության գործունեության և մեղադրյալների բնակության հասցեներում կատարվել են խուզարկություններ։ Նախաքննությունը շարունակվում է: