Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Դեբեդ գետի վարարման հետևանքով նախնական 1 զոհի, 1 անհետ կորած քաղաքացու և ավերածությունների մասին։ ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ մայիսի 26-ին՝ ժամը 00։40-ից, բազմաթիվ ահազանգեր են ստացել Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ, այս պահին տարհանվել է 77 քաղաքացի։
ՆԳՆ-ն մանրամասնել է, որ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը՝ փլուզվել, Այրում կայարանի Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, կա 1 զոհ։
«Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար։ Այն ամբողջությամբ ջրի մեջ է, խցիկի վրա 2 քաղաքացի կա։ Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր: Նախնական տվյալներով՝ 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, նրան գտնելու որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում»,- հավելել են ՆԳՆ-ից։
Ժամը 08։00-ի դրությամբ՝ Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է, Քարկոփը ջրածածկված է, տեղեկացրել են ՆԳՆ-ից։
«Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։ Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհն ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանն Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։ Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է»,- նշել են ՆԳՆ-ում։
ՆԳՆ-ի նախնական տվյալներով՝ Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա, որում կա քաղաքացի։
«Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհն ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։ Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում 30 մարտական հաշվարկ, 324 փրկարար ծառայող»,- եզրափակել են ՆԳՆ-ում։
Ավելի ուշ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ գետի վարարման հետևանքով հեղեղվել է նաև Տաշիր բնակավայրը։