Ժամը 11։30-ի դրությամբ՝ Լոռիում աղետալի հեղեղման հետևանքով, նախական տվյալներով, Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել, հայտնել են ՆԳ նախարարությունից։
«Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով՝ էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն»,- տեղեկացրել են ՆԳՆ-ից։
ՆԳՆ տվյալներով՝ Լոռիում, Տավուշում և Երևանում հորդառատ անձրևներից, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած հեղեղումների հետևանքով 11։30-ի դրությամբ վտանգավոր տարածքներից 232 քաղաքացի է տարհանվել։
«Մասնավորապես՝ 28 քաղաքացի տարհանվել է Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիր քաղաքում, 22-ը՝ Ալավերդի քաղաքում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջանում, 7-ը՝ Այրում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրերում»,- մանրամասնել են ՆԳՆ-ից։
Տեղեկացրել են, որ Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ևս տներ են ջրալցվել։
Ջրային կոմիտեն հերքել է տեղեկությունը, ըստ որի՝ Լոռիում աղետալի հեղեղումների «պատճառը Մեծավանի ջրամբարի պատվարի փլուզումն է»։
«Տարածված տեղեկատվությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համապատասխանում իրականությանը։ Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների»,- հայտարարել են Կոմիտեում։
Բնապահպան Օլեգ Դուրգարյանն Ախթալայից «Ազատությանը» պատմել է, որ արգելափակված են Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Քարակոփ, Շնող և Թեղուտ բնակավայրերը։ Նա հայտնել է, որ խանութների մոտ մեծ հերթեր են, մարդիկ գնումներ են կատարում և չգիտեն, թե դուրս կգա՞ն արգելափակումից։
Մայիսի 26-ին՝ ավելի վաղ, ՆԳՆ-ն հայտնել էր, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա 1 զոհ, անհետ կորած 1 քաղաքացի։ ՆԳՆ-ն տեղեկացրել էր նաև ավերածությունների, արգելափակված մեքենաների մասին, որոնցում նաև քաղաքացիներ կան։ Վարարել են նաև Աղստև, Տաշիր գետերը։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։