Մայիսի 26-ին Հայաստանում աղետալի հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից։
ՆԳՆ-ից հայտնել են, որ որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ Լոռու մարզի Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարներն անձը չպարզված տղամարդու դի են դուրս բերել։
Գերատեսչությունից հայտնել են, որ ժամը 13.30-ի դրությամբ՝ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:
Մայիսի 26-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա 1 զոհ, անհետ կորած 1 քաղաքացի։ ՆԳՆ-ն տեղեկացրել էր նաև ավերածությունների, արգելափակված մեքենաների մասին, որոնցում նաև քաղաքացիներ կան։ Վարարել են նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև է եկել նաև Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։ Փաշինյանն աղետի գոտում է։ Ժամը 11։30-ի դրությամբ՝ տարհանվել է 232 քաղաքացի։