Մայիսի 28-ին առաջին Հանրապետության տոնի առիթով Սարդարապատի հուշահամալիր Գարեգին Բ-ի մուտքը ոստիկանների կողմից խոչընդոտելը Մայր Աթոռն անվանել է իշխանությունների «ամոթալի ու ապազգային գործունեության հերթական դրսևորում»։
Տարածած հայտարարության մեջ Հայ Առաքելական եկեղեցին դատապարտել է Հայոց հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած «պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները»։
Մայր Աթոռը հայտնել է, որ կաթողիկոսին հաջողվել է մուտք գործել հուշահամալիր ու աղոթք բարձրացնել։
«Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների՝ Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ոստիկաններն այսօր՝ մայիսի 28-ին փորձել էին խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Իսկ ավելի ուշ Ռուբեն վարդապետ Զարգարյանը տեղեկացրել էր, որ հուշահամալիրից հեռացրել են կաթողիկոսի դրած ծաղկեպսակը։