Հսկայական վնասներ կան, որոնք դեռ անհնար է հաշվել, Armenia Today-ին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Լոռու և Տավուշի մարզում աղետալի ջրհեղեղի վնասներին։
Տարհանվել է 429 մարդ, դժվարացել է կապը 7 բնակավայրի հետ
Նախարարը հայտնեց մի քանի բնակավայրից տարհանված 429 անձի մասին, նաև տեղեկացրեց այն մարդկանց մասին, որոնք (կամուրջների փլուզման հետևանքով-խմբ.) արգելափակվել են: «Ազատությունը» մայիսի 28-ին հայտնել էր 5000 արգելափակված մարդկանց մասին։
Սանոսյանը տարհանված բնակիչներին բաժանեց երկու խմբի՝ մարդիկ, ովքեր իրենք են դուրս եկել և մարդիկ, որոնց տարհանել են փրկարար ծառայության աշխատակիցները:
«Այս պահի դրությամբ՝ տարհանվածները մոտ 429-ն են, թիվը պարբերաբար փոխվում է։ Նրանք հիմնականում բարեկամների, ծանոթների մոտ են կամ հյուրանոցներում»,- հավելեց նախարարը։
Նա նշեց, որ կարիքները տարբեր են, դրանք գնահատվում են վարչական ղեկավարների, համայնաքապետարանի աշխատակազմերի միջոցով, որից հետո փորձում են նրանց սնունդ կամ այլ անհրաժեշտ իրեր մատակարարել:
«Կարիքների մասով մեր հիմնական կենտրոնացումը տեղի է ունենում այն մարդկանց ուղղությամբ, որոնք տարհանվել են, նաև նրանց, որոնք գտնվում են այն 6-7 բնակավայրում, ուր կապի խնդիր կա, և մենք դաշտամիջյան կամ լեռնային բարդ ճանապարհով ենք կապ հաստատում»,- ընդգծեց նա։
Սանոսյանը հայտնեց նաև ջրի խնդրի մասին, որն առաջացել է բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի վնասման հետևանքով։
«Տեղեր կան ջրամատակարարումն արդեն վերականգվել է։ Մի շարք վայրերում խնդիրը կարգավորվում է մատակարարման մեթոդներով, մինչև բուն ջրամատակարարումը կվերականգնվի»,- հայտնեց նա:
Վնասները բազմաշերտ են՝ վնասված երկաթուղու մասով մեծ ծավալի աշխատանք է ենթադրվում։
Նախարարը հայտնեց, որ վնասները բազմաշերտ են, ընդգրկում են տարբեր ոլորտներ, ենթակառուցվածքներ։
«Մի շարք վնասներ դեռ ամբողջովին չեն երևում: Բայց ակնհայտ է, որ հսկայածավալ վնասներ կան. խոշոր ենթակառուցվածքներ, ջրատարներ, կամուրջներ, ճանապարհներ, երկաթուղին, շենքեր-շինություններ, դաշտեր, այգիներ, խանութների ապրանքներ»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ երկաթուղու մասով մի շարք լուրջ վնասված հատվածներ կան, որը բավական մեծ ծավալի աշխատանք է ենթադրում։
«Երեք օրվա ընթացքում երկաթուղու գործընկերների հետ արդեն երկրորդ անգամ ենք հանդիպում։ Նպատակը նախանշելն էր, թե ինչ կարիքներ կան, օգնել առկա խնդիրները վերացնելու հարցում, որ երկաթուղին շարունակի աշխատել: Այսօր կենտրոնացել ենք այն աշխատանքների վրա, թե ինչպես կազմակերպենք, որ երկաթուղին աշխատի մինչև Այրում կայարան։ Այսինքն՝ այդ բեռները երկաթուղով գոնե մուտք գործեն մինչև Այրում կայարան, այնտեղից այլ մեթոդներով հանրապետությունում բեռնատեղաբաշխում կազմակերպվի»,- ասաց նա:
Նա նշեց, որ շատ շենքերի շինություններում ջրալցված, տիղմով լցված հատվածներ կան, որոնք աշխատանք, այդ թվում՝ կամավորների ներգրավվածություն են պահանջում։
Սանոսյանն ասաց, որ աշխատանքները գնալով ավելանում են, քանի որ մայիսի 28-ից ջրի մակարդակի իջեցման հետևանքով արդեն վնասը տեսանելի է դառնում:
«Խոսքը շինարարական կամ այլ աշխատանքի կազմակերպման մասին է։ Ամեն անգամ վերադառնում ենք և նորից տեղի է ունենում քննարկում, յուրաքանչյուր աշխատակից զեկուցում է իր ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվել: Ժամ առ ժամ մեր աշխատանքներն ավելանում են։ Երեկվանից ջրի մակարդակի իջեցման հետևանքով արդեն շատ բան տեսանելի է, և անելիքներն են շատանում»,- ասաց նա:
Նա հավելեց, որ այդ պատճառով անընդհատ նոր մարդկանց համալրելու, կամավորների կարիք կա, ինչը կօգնի «հնարավորինս արագ ու կազմակարպված իրականացնել վերականգնողական աշխատանքները»:
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։