Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ «չի կարելի բաց թողնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ներկայիս հնարավորությունը»։ Նա այս մասին հայտարարել է Իզմիրում EFES-2024 զորավարժությունների շրջանակում տեղի ունեցած «Բարձրաստիճան դիտորդի օր» միջոցառմանը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ նրա՝ Հայաստանն ավելի մոտ կլինի Ադրբեջանի հետ խաղաղությանը, եթե ազատվի արտաքին ուժերից և նվազեցնի սփյուռքից կախվածությունը։
«Հայ ժողովուրդը պետք է ապագան տեսնի ոչ թե դրսում պոեզիա հորինողների, այլ իր հարևանների հետ, ում հետ ապրել է դարեր շարունակ, դա հասկանա և ավելի համարձակ լինի»,- հայտարարել է նա։
Մայիսի 20-ին Էրդողանն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն էր հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի «դրական առաջընթացի» կապակցությամբ։