Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ՀՀ իշխանություններին մեղադրել է արցախցիների կուտակային կենսաթոշակները ՀՀ կենսաթոշակային ֆոնդ ուղղելու մեջ, տեղեկանում ենք Արցախի օպերատիվ շտաբից։
Նա գրել է, որ բռնի տեղահանությունից հետո բազմաթիվ արցախցիներ դիմում են իրեն՝ կուտակային կենսաթոշակային համակարգով կուտակած գումարների ճակատագրի վերաբերյալ հստակ տեղեկություն ստանալու նպատակով։ «Խոսքն, ընդհանուր առմամբ, մոտ 17 մլրդ դրամի և մոտ 34,5 հազար շահառուի մասին է»,- նշել է նա։
Ըստ Ստեփանյանի՝ ՀՀ կառավարությունն այսպիսով զրկում է կուտակային համակարգի մասնակցին սեփական միջոցները տնօրինելու հնարավորությունից։
ՄԻՊ-ը հիշեցրել է՝ 2024 հունվարի 16-ին Արցախի ԱԺ-ն լրացում է կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որով հնարավորություն է ստեղծվել մասնակիցների համար կուտակված միջոցներն իրենց ցանկությամբ փոխանցելու այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ էլ հետ ստանալու՝ փոխանցելով այն իրենց բանկային հաշիվներին։
Մարտի 13-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՀՀ կառավարության մեծամասնությունը դեմ է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերադարձին։ ԿԲ-ն արցախցիների ներկայացուցիչներին հայտնել է, որ դիմել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ով ասել է, որ գերատեսչությունների ղեկավարների մեծ մասը բացասական է արձագանքել: