Թաիլանդում Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական վարկանիշային մրցաշարի 1/8 եզրափակչում հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը 5-0 հաշվով հաղթել է իրանցի Ռուզբե Սաֆարիին, հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Մրցաշարը մեկնարկել է մայիսի 24-ին և կանցկացվի մինչև հունիսի 6-ը։ Մայիսի 25-ին Հայաստանը ներկայացնող Արթուր Բազեյանը 4։1 հաշվով կամային հաղթանակ էր տոնել Մարոկկոյի ներկայացուցիչ Իմադ Ազոուի նկատմամբ։ Մրցաշարի մեկնարկային օրը Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթել էր հույն Կրիստիոս Կարաիտիսին։ Մայիսի 27-ին բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը 5։0 հաշվով հաղթել էր Լատվիայի ներկայացուցիչ Ռոբերտս Լիորանկասին։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը տեղեկացրել է, որ Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ), իսկ տղամարդկանց թիմում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն նաև Արթուր Բազեյանը (57 կգ), Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+)։
Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայ բռնցքամարտիկները դեռևս ՕԽ ուղեգիր չեն նվաճել: Հայ ըմբիշներից Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը: