Կյանքի 85-րդ տարում մահացել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտող Արթուր Չիլինգարովը, հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Կյանքից հեռացել է հրաշալի մարդ, մեր գործընկեր Արթուր Նիկոլայի Չիլինգարովը։ Նա Արկտիկայի և Անտարկտիկայի ռահվիրա, անձնուրաց հետազոտող, պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր է, նա անգնահատելի ներդրում է ունեցել Հյուսիսի և համաշխարհային օվկիանոսի ուսումնասիրության և զարգացման գործում»,- Վոլոդինին մեջբերում է Պետդումայի մամուլի ծառայությունը:
Նա նշել է, որ Չիլինգարովը ղեկավարել է մի քանի արշավախումբ, մասնակցել բարդագույն փրկարարական գործողությունների, երկար տարիներ աշխատել է էքստրեմալ պայմաններում՝ ամեն օր կատարելով սխրանքներ:
Չիլինգարովը ծնվել է 1939 թվականին՝ Լենինգրադում։ Նրա հայրը հայ է, իսկ մայրը՝ ռուս։ 1963 թվականին ավարտել է Լենինգրադի բարձրագույն ինժեներա-ծովային ուսումնարանը։ Չիլինգարովը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ էր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 1986 թվականին արժանացել է Խորհրդային Միության հերոսի, իսկ 2008 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման։ 2016-2024 թվականներին Չիլինգարովը հանդիսացել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր։