Իրանի նախագահի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցվել է 12 թեկնածու, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ հայտատուների թվում է խորհրդարանի պատգամավոր Մասուդ Փեզեշքիանը, որը նախագահ Մոհամմադ Խաթամիի օրոք զբաղեցրել է Առողջապահության նախարարի պաշտոնը: Թեկնածուների թվում է նաև պատգամավոր Ահմադ Ռասուլինեժադը, նաև Վահիդ Խագանիյանը, որը նախկինում աշխատել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վարչակազմում:
Նշվում է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են նաև Մեջլիսի (խորհրդարանի) նախկին ղեկավար Ալի Լարիջանին, Իրանի կենտրոնական բանկի նախկին ղեկավար և 2021 թվականի վերջին ընտրություններում միակ ռեֆորմիստ թեկնածու Աբդոլնասեր Հեմմաթին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, Իրանի խորհրդարանի երկու գործող պատգամավորներ Մոհամմադ Սաբաղիանը և Աբբաս Մոգթադին։ Գրանցվածների թվում է նաև 4 նախկին խորհրդարանական՝ Մուստաֆա Կավաքբիանը, Գոդրաթ Ալի Հաշեմթիանը, Մահմուդ Ահմադի Բիգաշը և Մոհամմադ Խոշչեհրեն։
Իրանի հյուսիս-արևմուտքում ԻՀՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին և ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին։ Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարարի, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամի զոհվելու լուրը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։ Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է Մոհամեդ Մոհբերին։