«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ ՆԳՆ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել, գրել է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել մայիսի 31-ին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով)։
2023-ի նոյեմբերի 13-ին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության որոշմամբ Ասիլյանին հեռացրել էին կուսակցությունից։ 2024-ի հունվարին կրակել էին Ասիլյանի տան ուղղությամբ։ 2024-ի հունվարին «Հրապարակը» գրել էր, որ Ասիլյանի՝ ՔՊ-ից հեռանալու պատճառը «նրա մասնակցությունն է կոռուպցիոն գործարքներում»։ Թերթը գրել էր, որ նա «քաղաքացիներից գումար է վերցրել շինթույլտվությունների համար՝ «վերևներին» միջնորդելու նպատակով»։