«Հյուսիս-Հարավ» երթուղին կարող է վերածվել պահանջված միջազգային միջանցքի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Ինչ վերաբերում է այս «Հյուսիս-Հարավ» ճանապարհին, ապա այն կարող է վերածվել շատ լավ և պահանջված միջազգային միջանցքի, երբ բեռներն այստեղից անմիջապես՝ Սանկտ Պետերբուրգի նավահանգստից, ամբողջ եվրոպական մասով կուղղվեն դեպի Ադրբեջան, ապա Իրան և մուտք կգործեն դեպի Պարսից ծոցի ափ։ Սա գրեթե 10 օրով ավելի արագ է, քան Սուեզի ջրանցքով», – մեջբերում է գործակալությունը Պուտինի խոսքերը։
Նա հայտարարել է, որ ներկայումս Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգանում են «հաջող, հուսալի և շատ պրագմատիկ»:
«Գիտեք, մենք զգում ենք հենց փոխադարձ շահերի հիման վրա միջպետական կապեր կառուցելու Ադրբեջանի ղեկավարության ոգին, և ես նույնիսկ կասեի՝ միմյանց նկատմամբ որոշակի համակրանքով: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել Ադրբեջանում ռուսերենով գործող երեք հարյուր դպրոցի առկայությունը»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ երկու երկրներն ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում հարաբերությունների զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը։
«Այս առումով շատ բան պետք է արվի լոգիստիկայի զարգացման տեսանկյունից, դա վերաբերում է ոչ միայն «Հյուսիս-Հարավ» ճանապարհին, այլև այլ վեկտորների՝ լոգիստիկ կենտրոնների կառուցմանը, այդ թվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին, Դաղստանի հատվածում, այնտեղ արդեն աշխատանքներ են տարվում։ Դա վերաբերում է նաև այլ ոլորտների»,- նշել է ՌԴ նախագահը։