Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար, այս մասին թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովին (TURKPA) հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Դրա (Մինսկի խումբ-խմբ) կարիքը չկա, այն այժմ չի գործում, մենք դե յուրե թույլ չենք տա, որ այն գործի, և դա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը։ Եթե Հայաստանը որոշի պահպանել Մինսկի խումբը, դա կնշանակի, որ նրա տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։
«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական գործընթացին, ապա մենք կարծում ենք, որ դեռևս կան մի քանի բաց հարցեր, որոնցից մեկը Հայաստանի սահմանադրությունն է, որով տարածքային հավակնություններ է դրսևորվում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է նա։
Ըստ Ալիևի՝ Հայաստանը պետք է դադարեցնի տարածքային պահանջներն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի նկատմամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Իեն Բորջին առաջարկել էր լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։