«Թրասթ աուդիտ» աուդիտորական կազմակերպությունը խնդիրներ է արձանագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարեկան հաշվետվություններում, հայտնում է «Civilnet»-ը։
Կայքի տեղեկություններով՝ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ՔՊ-ն 122,7 միլիոն դրամի չափով նվիրատվությունների, անդամավճարների, մուտքի վճարների չափը գերազանցող գումարներ է ստացել։ Ընդ որում՝ այդ գումարներն ստացվել են օրենքի խախտմամբ և հետ չեն փոխանցվել դրանց հեղինակներին:
«Կուսակցությունը, օրենքի պահանջով, պարտավոր էր սա հետ փոխանցել նվիրատուներին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետք է փոխանցեր պետական բյուջե։ Սահմանաչափը գերազանցած 122,7 միլիոն դրամը ՔՊ-ն պահել է իր հաշիվներում»,- աուդիտորական եզրակացությունը մեջբերում է լրատվամիջոցը։
ԶԼՄ-ն պարզաբանել է, թե կուսակցության 2023-ի հաշվետվության մեջ ինչ խախտումներ են հայտնաբերել աուդիտորները։ Դրանք վերաբերում են իրավաբանական անձանց կողմից «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված 2,5 միլիոնի սահմանաչափը գերազանցող գումարներ ստանալուն։
«Ըստ աուդիտի՝ ՔՊ-ն շարունակել է ստանալ սահմանաչափը գերազանցող նվիրատվություններ անհատներից, անանուն նվիրատվություններ, ինչպես նաև նվիրատվություններ իրավաբանական անձանցից։ Կուսակցությունների մասին օրենքն արգելում է այս 3 բնույթի նվիրատվություններն ընդունել»,- նշում է կայքը։
Այսպես, օրենքի խախտմամբ 18 նվիրատվութան դեպքում օրենքով սահմանված 2,5 միլիոնի սահմանաչափը կուսակցությունը գերազանցել է 10,2 միլիոն դրամի չափով։
Նվիրատվությունների դեպքում կուսակցությունը ևս խախտել է օրենքը․ 8 իրավաբանական անձ ՔՊ-ին 4,3 միլիոն դրամ է փոխանցել։ ՔՊ-ն անանուն նվիրատվության եղանակով 6,6 միլիոն դրամ է ստացել այն դեպքում, որ օրենքն արգելում է անանուն նվիրատվությունները։
Աուդիտի գնահատմամբ՝ ՔՊ-ին նվիրատվություն ու անդամավճար կատարած 2400 անձի անձնագրային տվյալները թերի են լրացվել, նաև ՔՊ-ի հաշվապահական հաշվառման համակարգը 8,5 միլիոն դրամի հարկերի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ չի պարունակել։
«Թրասթ աուդիտ»-ը ՔՊ-ի 2023-ի հաշվետվությունը, ընդհանուր առմամբ, ճշմարիտ է գնահատել՝ վերապահումներ հայտնելով վերը նշված գործողությունների հետ կապված։
Լրատվամիջոցը նաև հայտնել է, որ կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման ստուգումների գործընթացը դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) վրա։ Հանձնաժողովը աուդիտի արդյունքներն ստանալուց հետո պարտավոր է ստուգել այն և համապատասխան գործընթաց նախաձեռնել։
Աուդիտի և ԿԿՀ-ի կողմից ստուգման արդյունքում կարող է վարչական վարույթ նախաձեռնվել, առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ԿԿՀ-ը կարող է դիմել Դատախազություն։
ՔՊ-ի 2022-ի հաշվետվությունը «Թրասթ աուդիտ»-ի կողմից բացասական եզրակացության էր արժանացել։ Մինչ այժմ ԿԿՀ-ն 2022-ի աուդիտի վերաբերյալ ՔՊ-ի հետ կապված որոշում չի կայացրել։
«Ինֆոքոմ»-ը հունվարի 30-ին հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ծախսերի համար անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից: Հրատարակությունն ուսումնասիրել էր Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին մասնակցածների շրջանակը և եզրակացրել, որ կուսակցության նախընտրական քարոզարշավի գումարների մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։ Մեկնաբանելով հարցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այն փաստը, որ լրագրողներին հասանելի են դարձել այդպիսի տեղեկություններ, խոսում է այդ գործարքների թափանցիկության մասին: