Կիրանցում սահմանազատման հետևանքով սեփականությունից զրկված մարդկանց տների համար կառավարությունը 70-100 հազար դոլարի (28-40 միլիոն դրամ) չափով փոխհատուցում է խոստացել, մյուս շինությունների ու հողատարածքների համար հատուցումը պակաս կլինի, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ մարդկանց մեծ մասը համաձայնել է կառավարության փոխհատուցման առաջարկին և դիմումներ գրել, սակայն փոխհատուցման չափը թե՛ տների, թե՛ հողերի, թե՛ կրպակների մասով դեռևս գաղտնի են պահում։
Ըստ թերթի աղբյուրի՝ կիրանցեցի Խանումը, որի տունն ադրբեջանցիներին անցնող երկու տներից մեկն է, համաձայնել է տեղափոխվել Իջևան, որտեղ պետական միջոցներով իր համար բնակարան են վարձակալել։
Ադրբեջանական կողմի վերահսկողությանն անցնող մյուս տունը Մհերինն է, ով օրեր առաջ սկսել էր քանդել այն, որ ադրբեջանցիներին չմնա։
Հիշեցնենք, որ Կիրանցում իրականացված սահմանագծման արդյունքում ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկի սեփականատեր Մհերը հունիսի 3-ին սկսել էր քանդել իր տունը։ Մայիսի 24-ին Կիրանց բնակավայրում 31 անձ հրաժարվել էր փոխհատուցում ստանալ այն գույքի դիմաց, որը սահմանազատման հետևանքով անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։