Իրանի կողմից փոխանցված մարդասիրական օգնությունը ՀՀ Լոռու մարզում ջրհեղեղից տուժած բնակչությանը հասել է Հայաստան, իրանական Կարմիր մահիկի և Հայկական Կարմիր խաչի ընկերության աշխատակիցներն այսօր՝ հունիսի 7-ին, այն կհասցնեն Ալավերդի, հայտնել է «Արմենպրեսը»։
Լրատվականի փոխանցմամբ՝ իրադարձության կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տեղի է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիի, քաղաքական հարցերով խորհրդական Մուհամեդ Ջավադ Ալավիի, Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցչի և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի հանդիպումը։
Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին Իրանի ժողովրդի ու դեսպանատան անունից կարեկցանք ու ցավակցություն է հայտնել աղետի հետևանքով տուժած անձանց։ Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, հայ ժողովրդին՝ Իրանում ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահի, արտգործնախարարի և նրանց ուղեկցող պատվիրակության զոհվելու կապակցությամբ կարեկցանքի և ցավակցության համար։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: