Հունիսի 8-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Վանաձորի հանրահավաքից առաջ ավտոերթ են իրականացրել։
Շարժումը հունիսի 1-ին ավտոերթ էր կազմակերպել դեպի Շիրակի մարզի Գյումրի քաղաք, հունիսի 5-ին՝ Գեղարքունիքի մարզի Սոթք ու Վարդենիս համայնքներ։
Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին Սպիտակ, Ապարան, Վանաձոր քաղաքներում դիմավորել են աջակիցները։
Գալստանյանն իր աջակցությունն է հայտնել 2021թ․ դեկտեմբերից ձերբակալված Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։
«Ոտքս Վանաձոր դնելով՝ ուզում եմ ողջունել քաղաքական պատճառներով կալանավորված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։ Մեր զգացումները խառն են, ժողովրդի քվեով ընտրված քաղաքապետն այսօր գտնվում է կալանքի ներքո, երկուս ու կես տարի։ Ոչ մեղադրանք կա, ոչ բան, պարզապես կալանքի տակ է մարդը։ Այսօրվա «ժողովրդավար» Հայաստանի դեմքը»,- նշել է նա։
Հունիսի 8-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատասխանել է միջազգային ԶԼՄ-ների հարցերին, հարցազրույցը հասանելի է Armenia Today-ի YouTube-ի ալիքում։