Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ այցելել է Բաղանիս-Կիրանց հատված և ծանոթացել այդտեղ տեղակայված ԱԱԾ սահմանապահների ծառայության ընթացքին, հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Վարչապետը ծանոթացել է նաև Աճարկուտ-Կիրանց, Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման ընթացքին։
Կիրանց տանող այլընտրանքային ճանապարհի անհրաժեշտություն առաջացել էր սահմանազատման հետևանքով, որի արդյունքում Կիրանցի ներկայիս ճանապարհն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան և խոստացել էր լուծել այն 3 ամսվա ընթացքում։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։