ԱՄՆ-ն ու Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատմանը, ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարության մեջ։ Նախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Փարիզում կայացած հանդիպման արդյունքներով։
«Միացյալ Նահագները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Նրանք աջակցում են հետագա տարածաշրջանային ինտեգրմանը Հարավային Կովկասում՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության Հարավային Կովկասին նվիրված բաժնում նաև ասվում է, որ Վաշինգտոնն ու Փարիզը «հաստատում են իրենց հավատարմությունը Վրաստանի ժողովրդին և աջակցում են Վրաստանի եվրատլանտյան ձգտումներում»: Բայդենն ու Մակրոնն իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը կոչ են արել «հարգել հանրության ցանկությունները և վերադառնալ եվրաատլանտյան ուղի»։
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ մայիսի 14-ին ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որի դեմ բողոքի ակցիաներ էին սկսվել երկրում։ Օրինագիծն առաջին անգամ ընդունվել էր 2023 թվականի մարտին։ Բողոքի ակցիաների ֆոնին մարտի 9-ին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին օրինագիծը հետ կանչելու մասին։ Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։