ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ին կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով արտահերթ նիստ կգումարի, հայտնել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Համապատասխան որոշումն ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նիստը հրավիրվել է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ։
Ընդդիմության 33 պատգամավոր հունիսի 10-ին ԱԺ խորհրդին էր ներկայացրել միջնորդություն և պահանջել արտահերթ նիստ գումարել հունիսի 11-ին՝ ժամը 18։00-ին։ Ըստ ԱԺ միջնորդության՝ արտահերթ նիստում Ազգային ժողովը պետք է կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման ուղերձ հղեր։
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 10-ի նիստում մերժել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության միջնորդությունը։ ԱԺ խորհրդի նիստից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մանրամասնել էր, որ կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով ԱԺ նիստն օրենքի ուժով կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին։