Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել են, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով՝ եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Բաբայանը հայտնել է, որ նրանց մոտ, սակայն, չի հայտնաբերվել ո՛չ զենք, ո՛չ էլ որևէ ապօրինի առարկա:
«Որպես վերջիններիս պաշտպան՝ հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»,- Facebook-ի իր էջում գրել է փաստաբանը։
«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը հրապարակել էր Սարգսյանների ձերբակալության կադրերը՝ նշելով, որ այն իրականացրել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հունիսի 3-ին հայտարարել էր, որ Սարգսյան եղբայրները ժամանել են Քենիայից և միացել շարժմանը։