Հունիսի 10-ին Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Հանդիպումների ժամանակ, ըստ աղբյուրների, ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը։
«Կողմերը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը, Գազայի հատվածում, Սիրիայում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները»,- ԶԼՄ-ներին տեղեկացրել են դիվանագիտական աղբյուրները։
Ռուսաստան այցի շրջանակներում Ֆիդանը Նիժնի Նովգորոդում հունիսի 11-ին մասնակցելու է BRICS+-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: Դիվանագիտական աղբյուրները նաև հայտնել են, որ Ֆիդանը բանակցություններ է ունենալու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։