ԱԺ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը համաձայնել է վարչապետի իմպիչմենտի համար ապահովել ընդդիմության 54-րդ քվեն, եթե նրանք կարողանան ապահովել 53-ը։ Նա «Հրապարակ» օրաթերթին հայտնել է, որ այս մասին մի քանի անգամ ասել է Բագրատ Գալստանյանին։
«Հազար անգամ ասել եմ՝ որոշում ընդունելու համար ձեզ 54 ձայն է պետք։ Սրբազանին էլ եմ ասել՝ 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված է։ Բարոյականություն պետք է ունենան, գոնե ինձ զանգեն, հարցնեն»,- նշել է նա թերթին։
Զաքարյանի խոսքով՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելուն դեմ արտահայտվելու իր որոշումը որևէ դեր չի խաղում, քանի որ այն օրակարգ մտցնել հնարավոր էր 29 պատգամավորով, սակայն քվե տալու մասին որևէ զանգ չի ստացել։
«Ինձ որեևէ մեկը չի զանգել, չի ասել, ես տեղյակ չեմ։ Ժողովի ժամանակ մի տղամարդ է զանգել, քարտուղարուհիս հարցրել է` ո՞վ է, ի՞նչ ասենք պարոն Զաքարյանին, պատասխանել է՝ խոսակցություն ունենք հետը, չենք կարող ասել: Ո՞վ է զանգել»,- ասել է պատգամավորը։
Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին հայտնել էր, որ Զաքարյանը չէր բացառել իմպիչմենտի նախաձեռնությանը միանալը։ Եթե իմպիչմենտի նախաձեռնությունն այս փուլում տապալվի, ապա այն կարող է կրկին օրակարգ մտնել միայն վեց ամիս հետո։
Հունիսի 10-ին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 11-ին կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: ԱԺ խորհրդի նիստին ՔՊ-ն միաձայն մերժել էր արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Օրենքի ուժով՝ արտահերթ նիստը կկայանա հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 17-ին: