Մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելուն և պատրաստ ենք ստորագրել այն, Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Մենք համարում ենք, որ մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելուն։ Մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն և, բնականաբար, ստորագրել։ Փաստը, որ այն այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ ամբողջականացված չէ»,- ասել է Ռուբինյանը։
ԱԺ փոխխոսնակը չի բացառել, որ «Ադրբեջանի կառուցողական» մոտեցման դեպքում հենց վաղն էլ կարող են պայմանագիրն ստորագրել։
«Եթե Ադրբեջանի կողմից կառուցողական մոտեցում լինի, խաղաղության պայմանագրի ստորագրումը հենց վաղն էլ հնարավոր եմ համարում»,- նշել է Ռուբինյանը։
Խոսելով Բաքվի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջների մասին, Ռուբինյանը նշել է, որ Սահմանադրությունը փոխելու կամ չփոխելու հարցը ՀՀ ներքին գործն է։
Հունիսի 6-ին Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։ Հունիսի 7-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են։ ԱԳՆ-ն Սահմանադրության շուրջ ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատել էր որպես կոպիտ միջամտություն ՀՀ-ի ներքին գործերին։
Մնարամասները՝ տեսանյութում։