Երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում», Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
«Հայկական կողմից բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել և ավարտել ենք։ «Մարգարա» անցակետն ամբողջությամբ պատրաստ է շահագործման։ Թուրքական կողմից պայմանավորվածության իրագործման ուղղությամբ քայլեր չենք տեսել, բայց հուսով ենք՝ այդ քայլերը կլինեն»,- ասել է Ռուբինյանը։
Նա նաև հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով հատուկ բանագնացների միջև նոր հանդիպման պայմանավորվածություն կա։ Ռուբինյանը, սակայն, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ հանդիպման ժամկետ չի նշել։
«Ժամկետների և այլ մանրամասների վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա»,- եզրափակել է ԱԺ փոխխոսնակը։
2024-ի մարտին Քըլըչը Ռուբինյանին առաջարկել էր 5-րդ հանդիպումն անցկացնել Երևանում։ 2023-ի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանը և Քըլըչը պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել։
2023թ. հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան-Թուրքիա սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը հունվարի 12-ին հայտնել էր, որ այդ նպատակով «Մարգարա» անցակետն ամբողջությամբ նորոգված է և պատրաստ է շահագործման։
Մանրամասները՝ տեսանյութում։