ՀՀ Ազգային ժողովը հունիսի 12-ի նիստում առաջին ընթերմամբ ընդունել է Հայաստանում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը։ «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է 68 կողմ, 28 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։
Ազգային ժողովի հունիսի 11-ի նիստում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել էր, որ բարեփոխումների շրջանակում ոստիկանությունը զարգանալու է որպես մասնագիտացված կառույց` 4 հենասյունային ուղղությամբ։ Ոստիկանության գվարդիան, ըստ փոխնախարարի, այդ 4 ուղղությունների մեջ է։
«Գվարդիան գործելու է որպես նոր, լիարժեք կառույց։ Կունենանք երեք մարզային հիմնական ստորաբաժանում, որոնք կսպասարկեն հասարակական կարգն ու անվտանգությունը։ Նախագծի ընդունմամբ ստեղծվում է ոստիկանական ծառայություն` ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան սպառազինությամբ, որակավորում ստացած անձնակազմով»,- մանրամասնել էր Սարգսյանը:
Հունիսի 7-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Սարգսյանը հայտնել էր ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծի մասին, որով հստակեցվում են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի գործառույթները:
Ըստ նախագծի՝ դրանք են․ հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովում, պետական պահպանության ենթակա շենքերի ու շինությունների պահպանություն, հատուկ բեռների անվտանգության ապահովում, քրեական վարույթի շրջանակում ներգրավված անձանց պաշտպանություն, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցություն։
Ոստիկանության գվարդիան կմասնակցի նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ու արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը։ Փոխնախարարը նշել էր, որ այս գործառույթներն սպասարկող ստորաբաժանումները դադարեցնելու են իրենց գործունեությունը և դրանց փոխարեն ստեղծվելու է ոստիկանության գվարդիան։