Վարչապետի աշխատակազմից հունիսի 11-ին գրություններ են հասցեագրվել պետական մի շարք գերատեսչությունների՝ բոլոր ոչ առաջնահերթ ծախսերը կրճատելու, կապիտալ ծրագրերը հետաձգելու անհրաժեշտության մասին, քանի որ ֆինանսական խնդիրների առջև են կանգնած, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Գերատեսչություններին առաջարկվել է ֆիննախի հետ քննարկումներով հասկանալ, թե ծախսերի ո՞ր ուղղություններն է հնարավոր չիրականացնել` միայն դրանք շարունակել, քանի որ կառավարության ընդունած բազում որոշումների ֆինանսավորման հարցում խնդիրներ կան»,- ասված է թերթում։
Ըստ թերթի կառավարական աղբյուրի՝ ՊՆ ծառայողների, ուսուցիչների ատեստավորման ծրագրերը, 2024-2027թթ․ պետական միջնաժամկետ ծրագրով ամրագրված քաղաքականությունը հնարավորություն չի տալիս հիշյալ ծրագրերը լիարժեք իրականացնել։
Այդ պատճառով տեղեկացրել են, որ եթե չկրճատեն այլ ծախսերը, ապա կառավարությունը խնդիր է ունենալու անգամ արդեն ատեստավորվածներին վճարելու մասով։