Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումների հետ կապված։
Ըստ ՔԿ-ի՝ հունիսի 12-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցներն «սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով»։
Գերատեսչությունը նշում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով)։
ՔԿ-ն ուսումնասիրում է դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները։
«Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում` նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Armenia Today-ին հայտնել էր, որ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցի ընթացքում բերման է ենթարկել 98 քաղաքացու։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։