Հունիսի 12-ին հավաքի ժամանակ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների թվում եղել է ռուսական արտադրության «Զարյա 3» ձեռքի լուսաձայնային նռնակ, որն օգտագործվում է զինված հանցագործների դեմ, գրել է «Հետք»-ը:
Տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացի, որից 85-ը հունիսի 13-ի՝ ժամը 9։30-ի դրությամբ դուրս է գրվել։
Ըստ լրատվականի՝ նռնակն արտադրող «Կիրառական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային գիտաարտադրական կենտրոնի տվյալներով՝ «Զարյա 3» լուսաձայնային նռնակն ապահովում է զինված հանցագործի հոգեկամային կայունության ժամանակավոր ճնշում ձայնային և լուսային ազդեցության միջոցով։ Դա նվազեցնում է հանցագործի մարտական ունակությունը և հնարավորություն տալիս նռնակը կիրառող անձնակազմի ու շրջապատի մարդկանց համար նվազագույն ռիսկով իրականացնել հատուկ գործողություն:
Լրատվականը նշել է, որ 180 գրամ քաշով այս նռնակի ձայնային ճնշման մակարդակը 10 մետրի վրա 160±15 դեցիբել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 140 դեցիբելից բարձր ձայնային ճնշումը կարող է պայթեցնել ականջի թմբկաթաղանթը կամ առաջացնել բարոտրավմա, նույնիսկ՝ ուշագնացություն: «Զարյա 3»-ի օղակը քաշելուց հետո պայթյունը տեղի է ունենում 4±1 վարկյան անց: