Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչել Հայաստանում իր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին, հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ ՀՀ ոչ մի պաշտոնյա այլևս չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Ալեքսանդ Լուկաշենկոն է։ Նա ԱԺ ամբիոնից 2-րդ անգամ Բելառուսին մեղադրել էր 2020-ին 44-օրյա պատերազմում Ադրբեջանին աջակցելու և պատերազմը նախապատրաստելու մեջ։
«Մենք բոլորս տեսնում ենք, թե այսօր ներքաղաքական իրավիճակը Հայաստանում որքան բարդ է, որքան սրընթաց է դիմակայությունը երկրի ներսում։ Եվ տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր կերպ են դիմակայում հուզական ծանրաբեռնվածությանը, ինչը կարող ենք հասկանալ: Բայց մենք չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի այստեղ Բելառուսը»,- հայտնել է Belta-ն՝ հղում անելով ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքերին։
Նա Հայաստանի իշխանությունների՝ «արտաքին թշնամու կերպարով ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու» փորձն «անհեռատես» է համարել։
Հունիսի 13-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Երևանը խորհրդակցությունների համար հետ է կանչում Բելառուսում իր դեսպան Ռազմիկ Խումարյանին։ Նույն օրը Բելառուսն ու ՌԴ-ն պատասխանել էին Փաշինյանի՝ Բելառուս չգնալու և ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններին։ Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան նախարար-խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին հայտարարել էր, որ հանգիստ է գնահատում Փաշինյանի՝ Մինսկին ուղղված «իմպուլսիվ հայտարարությունները»։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում, միաժամանակ՝ Ռուսաստանը կշարունակի հավատարիմ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերություններին։
Հունիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերքել էր Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մասին լուրերը։ «Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է»,- խորհրդարանում հայտարարել էր Միրզոյանը։