Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 14-ին, հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Նա հայտնել է, որ ուսումնասիրում է ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման իրավաչափության հարցը։
ՄԻՊ-ը չի հրապարակել խոսակցության մանրամասները։ Քարամյանի կինը հունիսի 14-ին հայտնել էր, որ ՄԻՊ-ը չի այցելել ամուսնուն և չի արձագանքել դեպքին։ Նա նշել էր, որ Facebook-ում ստատուս գրելուց երկու ժամ անց զանգել էր ՄԻՊ-ը և հայտնել, որ նման հարցերում այցերի և զանգերի պարտավորություն չունի և որ իր զանգը զուտ մարդկային է։
«Ասաց, որ զեկույց են պատրաստում նռնակների կիրառման համաչափության/անհամաչափության հետ կապված։ Ես էլ պատասխանեցի, որ, ցավոք, այս կառույցի հանդեպ վստահություն չունեմ, բայց ամեն դեպքում հուսով եմ, որ զեկույցը կլինի անկողմնակալ»,- գրել էր Սահակյանը։
Մանասյանը հավաստիացրել է, որ հավաքների ազատության իրավունքին և վնասվածք ստացած անձանց առնչվող բոլոր հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։
Ըստ նրա՝ ՄԻՊ աշխատակազմը պարբերաբար տեղեկատվություն է ստանում վնասվածք ստացած անձանց, այդ թվում՝ Եսայի Քարամյանի առողջական վիճակի մասին:
Հունիսի 13-ին ՀՀ Առողջապահության նախարարությունն Armenia Today-ին տեղեկացրել էր տուժածի ձեռքի վիրահատության, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր տուժածի երեք մատների անդամահատման մասին։
«Ոստիկանության կողմից հատուկ միջոցների (լուսաձայնային նռնակների) կիրառման իրավաչափության հարցը պաշտպանի հանձնարարությամբ նախաձեռնված քննարկման ընթացակարգի շրջանակում ուսումնասիրվում է ՄԻՊ աշխատակազմում։ Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝ կառավարության և վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։ Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։