Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել հունիսի 10-ին Մաշտոցի պողոտայում 19-ամյա երիտասարդի սպանության գործի մասին։ Նշվում է, որ վիճաբանությունը տեղի էր ունեցել գինու փառատոնի ժամանակ։
«Երեք երիտասարդներ վիճել են իրար հետ, հնչեցրել հայհոյանքներ, վիճաբանության ընթացքում նրանցից մեկն իր մոտ եղած դանակով հարվածել է մյուս երկուսին»,- հայտնում է ոստիկանությունը։
Շտապօգնության խումբը «կրծքավանդակի արնահոսող թափանցող վերք» ախտորոշմամբ արնաշաղախ երիտասարդին տեղափոխել է 1-ին համալսարանական հիվանդանոց: Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում հաշվառված 19-ամյա երիտասարդի վիճակը ծանր էր: Շտապօգնության մեկ այլ խումբ նույն տեղից, դարձյալ` կտրած-ծակած վերքով, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել Գավառ քաղաքում հաշվառված 24-ամյա երիտասարդի:
Գիշերը՝ ժամը 2.50-ին, 19-ամյա երիտասարդը գիտակցության չգալով` մահացել է: Պարզվել է նաև միջադեպի երրորդ մասնակցի ինքնությունը` Գորիս քաղաքում հաշվառված 24-ամյա երիտասարդ:
«Ըստ նախնական տվյալների` երիտասարդների միջև վեճը ծագել էր գինու փառատոնի ժամանակ, երբ նրանցից մեկը մյուսին դիտողություն էր արել բարձրաձայն հայհոյելու համար: Այդ պահին հաջողվել էր զարգացումը կանխել, սակայն երբ ավելի ուշ նրանք կրկին հանդիպել էին Մաշտոցի պողոտայում՝ վեճը կրկին բորբոքվել ու վերաճել էր առանձնապես ծանր հանցագործության»,- մանրամասնում է գերատեսչությունը:
Նշվում է, որ հունիսի 12-ին դանակահարողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, տեղափոխվել քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:
Հունիսի 10-ին Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել էր, որ քաղաքի կենտրոնում վերջին 2 օրերի ընթացքում դանակահարության դեպքեր են գրանցվել, որոնցից մեկն ավարտվել է սպանությամբ, 2 անձ գտնվում է հիվանդանոցում։ Քննչական կոմիտեն Մաշտոցի պողոտայում դանակահարության հետևանքով 19-ամյա երիտասարդի սպանության առիթով նախաձեռնել էր քրվարույթ։
Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան, Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, անցկացվել էր «Գինու օրեր» փառատոնը։ ՔԿ-ից չէին պնդել, միևնույն ժամանակ չէին բացառել, որ դեպքերը տեղի են ունեցել փառատոնի շրջանակում։