Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում հունիսի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, Armenia Today-ին հայտնեց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։ Նրա խոսքով՝ հիվանդն առաջիկա 7 օրվա ընթացքնում դժվար թե դրական արդյունք գրանցի, քանի որ նա թունավորման մեջ է, ինչն այդպես է արտահայտվում։
Տուժածներից 3-ը միջին ծանրության են, ստանում են բժշկական օգնություն, 1 բուժառու դուրս է գրվել հիվանդանոցից։
Պայթյունը տեղի էր ունեցել հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր գազալցակայանի պայթյունի հետևանքով 7 տուժածի հոսպիտալացման մասին, որոնցից մեկն ավելի ուշ դուրս էր գրվել։ Հունիսի 7-ին ԱՆ-ն հայտնել էր, որ պայթյունի հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։
Հունիսի 7-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել 37 տոննա հեղուկ գազի ցիստեռնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրվարույթ էր հարուցել Քրեական օրենսգրքի 5 հոդվածով, այդ թվում՝ հրդեհային անվտանգության կանոնները և պահանջները խախտելու հատկանիշներով։